Բարի գալուստ Բարեկամության այգի՝ Գյումրիի սրտում գտնվող այս կանաչ գողտրիկ անկյուն: Բարեկամության այգու նպատակը համայնքում դրական փոփոխություններ բերելն է և գալիք սերունդների համար շրջակա միջավայրը պահպանելը: Մեր ԿՍՊ քաղաքականության մեջ արտացոլվում է կայունությանը, աշխատատեղերի ստեղծմանը, համայնքի ներգրավվածությանը և ամենալայն իմաստով ներառականությանը նպաստելու մեր վճռականությունը:
Մենք խորապես համոզված ենք, որ համայնքին ուղղված գործունեություն ծավալելով՝ ստեղծում ենք կայուն զարգացման հաջողակ մոդել և նպաստում համախմբմանը, որն առանցքային դեր ունի զարգացման երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու առումով:
Համայնքային կյանքում տեղացիների ներգրավումը Բարեկամության այգու ստեղծման հիմնական գաղափարներից մեկն է: Դրա երկու կարևորագույն բաղադրիչներն են հասանելիության ընդլայնումը և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը:
Վերակառուցման հիմնական նպատակներից մեկը գյումրեցիների համար աշխատատեղերի ստեղծումն էր: Մենք համոզված ենք, որ աշխատանքի հնարավորություններ ստեղծելով՝ կարող ենք ներդրում ունենալ քաղաքի տնտեսական աճի և դրա բնակիչների կյանքի բարելավման հարցում: Մեր նախագծի շնորհիվ աշխատատեղեր են բացվել ճարտարապետների, շինարարների, ինչպես նաև այգու աշխատակիցների համար:
Բարեկամության այգում մեծ նշանակություն է տրվում գոյություն ունեցող կանաչ գոտիների պահպանմանը: Մենք քայլեր ենք ձեռնարկել նոր ծառեր և բույսեր տնկելու ուղղությամբ, միևնույն ժամանակ պահպանել ենք այգու տարածքում արդեն իսկ գոյություն ունեցողները: Մեր գերնպատակը Բարեկամության այգին Գյումրիի ամենագեղեցիկ և կանաչ տարածքը դարձնելն է, քանի որ այն հանրային նշանակության գոտի է և կարող է օրինակ ծառայել քաղաքում նմանատիպ նախագծեր իրականացնելու համար:
Այգու բնական գեղեցկությունը պահպանելուն ուղղված ջանքերից զատ, մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում այստեղ մաքուր և առողջ միջավայր ունենալու ուղղությամբ: Այգու տարածքում հատուկ աղբարկղեր են տեղադրվել, որոնցում հավաքված աղբն այնուհետև պետք է վերամշակվի՝ գալիք տարիներին ևս այգու տարածքը մաքուր ու առողջ պահպանելու համար: Մենք համոզված ենք, որ թափոնների ծավալը նվազեցնելով և կայուն զարգացմանը միտված պրակտիկաների միջոցով կարող ենք մեր ներդրումն ունենալ մոլորակի առողջացման գործում:
Գյումրեցիներն ակտիվորեն ներգրավված են եղել այգու վերականգնման նախագծի ամբողջ մտահղացման գործընթացում, և մենք հաշվի ենք առել նրանց հիշողությունները և ցանկությունները: Մենք հավատում ենք, որ համայնքի հետ սերտ համագործակցությամբ ստեղծել ենք այգի, որը կդառնա երեխաների, տարեցների, հավասարապես նաև զբոսաշրջիկների սիրված վայրը: Հրավիրում ենք ձեզ Բարեկամության այգի՝ վայելելու բնության գեղեցկությունը, հաճելի ժամանակ անցկացնելու ձեր ընտանիքի և ընկերների հետ և դառնալու գալիք սերունդների համար շրջակա միջավայրը պահպանելու հարցում վճռական համայնքի մասը:
Մեր մոտեցման մեկ այլ կարևոր սկզբունք է այգու այցելուների համար հարմարավետությունը և ներառականությունը: Մենք պետք է համոզվեինք, որ այգու ամեն մի արահետ, ամեն մի օբյեկտ և առաջարկվող ծառայություն հասանելի է և հաճելի՝ անկախ այցելուի տարիքից և ֆիզիկական հնարավորություններից: Ներառական միջավայրի գաղափարը ենթադրում է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար չեն ստեղծվում առանձնացված տարածքներ: Փոխարենն ամբողջ այգին կազմակերպվում է այնպես, որ հավասարապես հասանելի և հարմարավետ դառնա բոլոր այցելուների համար: Հետևաբար, ստեղծվում է մի միջավայր, որում բոլոր այցելուները կարող են ներդաշնակորեն համագոյակցել և շփվել միմյանց հետ:
Շնորհակալ ենք Բարեկամության այգին ընտրելու համար: Մենք ցանկանում ենք համայնքին բերել դրական փոփոխություններ և պահպանել շրջակա միջավայրը գալիք սերունդների համար: